Logo
ECHR

Իրադարձություններ

Աշխատաժողով՝ նվիրված Եվրոպական Կոնվենցիայի 2-րդ հոդվածին

18.10.2015

Հոկտեմբերի 17-ին և 18-ին Աղվերանում տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածին նվիրված աշխատաժողով:

Հանդիպման նպատակն էր բարելավել ՀՀ արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի աշխատակազմի մասնագիտական գիտելիքները Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի կիրառության առանձնահատկությունների վերաբերյալ։

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են Կոնվենցիայով երաշխավորվող կյանքի իրավունքի նյութական և ընթացակարգային կողմերը, մասնավորապես՝ կյանքի իրավունքը պաշտպանելու պետության պոզիտիվ պարտականությանը և արդյունավետ քննություն իրականացնելու պարտականությանը վերաբերող գործնական խնդիրներ։ Քննարկվել են նաև կյանքի ավարտին և բիոէթիկային վերաբերող հարցեր, ինչպես նաև Կոնվենցիայի 2-րդ հոդվածի և 15-րդ՝ արտակարգ իրավիճակներում պարտավորությունից շեղման դեպքերը և սահմանները նախատեսող հոդվածի հարաբերակցությունը: Միաժամանակ, վերլուծվել են Եվրոպական դատարանի մի շարք նախադեպային գործեր, ներկայացվել են արդի զարգացումները, ինչպես նաև կոնվենցիոն իրավունքների խախտումները որոշելիս պարզաբանման ենթակա առանձին հարցեր։

Հիմնական զեկուցումներով հանդես են եկել ԵԽ միջազգային փորձագետներ Խուան Կարլոս դա Սիլվան և Աննա Միխեդենկոն:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Արտյոմ Սեդրակյանի գլխավորությամբ: Միջոցառմանը մասնակցել են նաև դատավորներ, ՀՀ կառավարության աշխատակազմի, Արդարադատության ակադեմիայի և Փաստաբանական դպրոցի ներկայացուցիչներ։

Աշխատաժողովը կազմակերպվել էր «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակում՝ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի աջակցությամբ: