Logo
ECHR

Իրադարձություններ

ՄԻԵԴ-ն արձանագրեց՝ Ադրբեջանական իշխանությունները պատասխանատու են ՀՀ քաղաքացու խոշտանգման և մահվան համար

30.01.2020

2020 թվականի հունվարի 30-ին հրապարակվել է «Սարիբեկյանը և Բալյանն ընդդեմ Ադրբեջանի» (գանգատ թիվ 35746/11) վճիռը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը գործին նեգրավվել է որպես երրորդ կողմ և համապատասխանաբար ներկայացրել է իր դիտարկումները:

Գործը վերաբերում է Ադրբեջանի ռազմական ոստիկանությունում դիմումատուների որդու մահվանը: Մասնավորապես, Մանվել Սարիբեկյանը ձերբակալվել է 2010 թվականին Ադրբեջանում: Իր ընտանիքի հավաստմամբ՝ վերջինս մառախուղի մեջ անտառում փայտ և թափառող կենդանիներին փնտրելիս անգիտակցաբար հատել էր սահմանը: Ադրբեջանական իշխանությունները մեղադրել են նրան մոտակա Ադրբեջանական գյուղերից մեկում դպրոց պայթեցնելու փորձում: Մ. Սարիբեկյանը տեղափոխվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ստորաբաժանում, որտեղ 2010 թվականի հոկտեմբերին հայտնաբերվել է մահացած: 2010 թվականի նոյեմբերին վերջինիս մարմինը վերադարձվել է Հայաստանի Հանրապետություն:

Ադրբեջանում իրականացված քննության արդյունքում արձանագրվել է, որ Մ. Սարիբեկյանը ինքնասպանություն է գործել, պահման պայմանները եղել են չափանիշներին համապատասխան և նա չի ենթարկվել խոշտանգման իր՝ ազատությունից զրկված լինելու ընթացքում:

Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում

Դիմումատուների պնդմամբ իրենց որդին եղել է առողջ և մահացել է Բաքվում ռազմական ոստիկանության աշխատակիցների գործողությունների արդյունքում:  

Հիմք ընդունելով ներկայացված ապացույցները՝ ներառյալ Հայաստանում իրականացված քննության նկարագրությունը և Մ. Սարիբեկյանի վնասվածքների լուսանկարները, ինչպես նաև խցի դասավորվածության վերաբերյալ տվյալները, Եվրոպական դատարանը համարել է Մ. Սարիբեկյանի՝ ինքն իրեն կախելու մասին վարկածը անընդունելի՝ արձանագրելով, որ Ադրբեջանական Կառավարությունը չի կարողացել ներկայացնել դիմումատուների որդու մահվան պատճառը բացահայտող որևէ համոզիչ փաստարկ: Եվրոպական դատարանը հետևաբար արձանագրել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութական բաղադրիչի խախտում:

Եվրոպական դատարանը արձանագրել է դիմումատուների որդու մահվան առնչությամբ իրականացված քննության մի շարք ընթացակարգային բացթողումներ: Մասնավորապես,

  • ոչ մի այլ վարկած, բացի դիմումատուների որդու ինքնասպանության վարկածից, չի քննարկվել,
  • քննություն չի իրականացվել էթնիկական ատելության՝ որպես դիմումատուների որդու մահվան դրդապատճառի առնչությամբ,
  • Ադրբեջանական իշխանությունները կապ չեն հաստատել ոչ Մ. Սարիբեկյանի ընտանիքի, ոչ էլ Հայկական իշխանությունների հետ:

Ուստի Եվրոպական դատարանը արձանագրել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային բաղադրիչի խախտում:

Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում

Եվրոպական դատարանը հաշվի է առել Հայաստանում կատարված դատաբժշկական փորձաքննությունը, որով հաստատվել է բութ առարկայով հասցված բազմաթիվ վնասվածքների փաստը: Ադրբեջանի կառավարության կողմից ներկայացված որևէ պնդմամբ կամ փաստաթղթով հնարավոր չի եղել վիճարկել ներկայացված դատաբժշկական փորձաքննության արդյունքները:

Ուստի, Եվրոպական դատարանը գտել է, որ իր կյանքի վերջին օրերին ՝ Բաքվի ռազմական ոստիկանությունում կալանավորված ժամանակ, Մ. Սարիբեկյանը ենթարկվել է դաժան ֆիզիկական բռնության: Հետևաբար, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ Մ. Սարիբեկյանը ենթարկվել է խոշտանգման և ոտնահարվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով երաշխավորված նրա իրավունքը:

Անդրարադառնալով դիմումատուների՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով երաշխավորված իրավունքներին Եվրոպական դատարանը չնայած չի ճանաչել խախտում, այնուամենայնիվ արձանագրել է, որ չունի որևէ կասկած, որ նրանց որդու ձերբակալումը, կալանավորումը և մահը, ինչպես նաև նրա ճակատագրի վերաբերյալ անհստակությունը նրանց խորը տառապանք է պատճառել: