- Գլխավոր էջ
- Իրադարձություն
- Թուրքիան այլևս չի կարողանա մեջբերել Եվրոպական դատարանի վճիռը, երբ ցանկանա կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանությունը
Իրադարձություններ
Թուրքիան այլևս չի կարողանա մեջբերել Եվրոպական դատարանի վճիռը, երբ ցանկանա կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանությունը
16.10.2015Ջեֆրի Ռոբերտսոնի և Ամալ Քլունիի համատեղ հայտարարությունը
Մենք գոհ ենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հավանության արժանացրեց Դողու Փերինչեքի և Շվեյցարիայի միջև գործին որպես երրորդ կողմ ներգրավված Հայաստանի կառավարության օգտին բերված մեր փաստարկը: Այդ վճիռը Հայաստանի համար հաղթանակ է:
Այսօր Եվրոպական դատարանն արձանագրեց, որ խոսքի ազատությունը ենթակա չէ սահմանափակման, եթե այն չի սերմանում բռնություն կամ ռասայական ատելություն: Փաստորեն, շվեյցարական իշխանությունները չպետք է հետապնդեին Փերինչեքին, քանի որ թուրքերենով արված նրա դատարկախոս հայտարարությունը բացարձակապես չէր կարող որևէ ազդեցություն ունենալ Շվեյցարիայում սոցիալական ներդաշնակության և ռասաների միջև հարաբերությունների վրա:
Հայաստանը գործին ներգրավվել է միայն մեկ նպատակով. ստորին պալատը կասկածի տակ էր դրել 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացրած ցեղասպանության փաստը: Որպես փաստաբաններ՝ մենք ձգտել ենք ուղղել այս կոպիտ սխալը, և Մեծ պալատն այդպես էլ վարվեց: Այսօրվա վճիռը չի վիճարկում Հայոց ցեղասպանության փաստը. տասը դատավոր նշեց, որ ընդհանրապես այդ հարցը չպետք է քննարկվի, մինչդեռ դատավորներից յոթն արձանագրել են, որ «Հայոց ցեղասպանությունը հստակորեն ամրագրված պատմական փաստ է»:
Վճիռը նաև վերահաստատում է հայերի՝ Եվրոպական իրավունքով պահպանվող իրենց արժանապատվության նկատմամբ հարգանքի և պաշտպանության իրավունքը, այդ թվում՝ այն շրջանակներում, որն առնչվում է օսմանյան թուրքերի կողմից հայերի ռասայի շուրջ կեսի ոչնչացման հետևանքով վնաս կրած հայկական համայնքի ինքնությանը (պարբերություն 227):
Արտահայտվելու ազատության կարևորությունը վերահաստատող Դատարանի այս վճիռը կարևոր հետևանքներ կունենա նաև Թուրքիայի համար, որը Եվրոպական դատարանում ներկայացված պետությունների շրջանում խոսքի ազատության ամենավատ ցուցանիշներն ունի: Թուրքիան այլևս չի կարող արդարացնել Հրանտ Դինքի նմաններին քրեական հետապնդման ենթարկելը. անձինք, ովքեր գրելով Հայոց ցեղասպանության իրականության մասին՝ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հիմքով մեղադրվում են «թուրքական ինքնությունը վիրավորելու» մեջ: Փերինչեքի գործով արված մեկնաբանությունների համաձայն՝ այս հետապնդումները ամբողջությամբ հակասում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով ամրագրված խոսքի ազատության երաշխիքներին: Մենք կոչ ենք անում Թուրքիային վերացնել հոդված 301-ը և դադարեցնել դրանով պայմանավորված չարամիտ հետապնդումները:
Փերինչեքը սադրիչ է, ում չպետք է դարձնեին նահատակ, ինչին նա այդքան ձգտում էր: Անհրաժեշտ է նշել, որ Դատարանը մերժել է նրա՝ 120,000 եվրոյի փոխհատուցման պահանջը և ոչինչ չի հատուցել՝ նույնիսկ նրա սեփական իրավաբանական ծախսերը:
Ծանոթագրություն խմբագիրներին.
Այս գործն արդեն իսկ խեղաթյուրված է ներկայացվել Բրիտանական մամուլում: Օրինակ՝ Թելեգրաֆն իր նյութի վերնագրում վճիռը բնութագրել է իբրև «...հարված Ամալ Քլունիին...»: Տիկին Քլունին և պարոն Ռոբերթսոնը ներկայացրել են Հայաստանը՝ որպես երրորդ կողմ, ինչը նպատակ ուներ բացառել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ առնելը: Նրանք չեն արտահայտել որևէ դիրքորոշում Փերինչեքի մեղավորության կամ անմեղության վերաբերյալ: Միակ «հարվածն» ուղղված էր պատասխանող պետությանը, այսինքն՝ Շվեյցարիային` քրեական հետապնդում իրականացնող պետությանը, ում նրանք չէին ներկայացնում, ինչպես նաև Թուրքիային, որն այլևս չի կարողանա մեջբերել Եվրոպական դատարանի վճիռը, երբ ցանկանա կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանությունը:
-------------------------------------------------------------------------------