Logo
ECHR

Իրադարձություններ

ՄԻԵԴ-ը հրապարակել է «Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը

19.07.2018

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան), հանդես գալով Պալատի կազմով, հրապարակել է «Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 18419/13) գործով վճիռը, որով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի  (այսուհետ՝ Կոնվենցիա) 3–րդ հոդվածի (խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելում) խախտում:

Դիմումատուն պնդել է, որ իր վերադասները իրեն ենթարկել են նվաստացնող վերաբերմունքի և ներպետական մարմիններն իր պնդումների վերաբերյալ չեն իրականացրել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջներին համապատասխան արդյունավետ քննություն:

Եվրոպական դատարանը գործի քննության արդյունքում եզրահանգել է, որ ՀՀ իշխանությունները չեն իրականացրել ադյունավետ քննություն և ՀՀ բնապահպանության նախարարությունում չի իրականցվել ներքին քննություն` հաստատելով դիմումատուի նկատմամբ Կոնվենցիայի 3–րդ հոդվածով սահմանված ընթացակարգային բաղադրիչի խախտում: Ընդ որում, Եվրոպական դատարանը 3-րդ հոդվածի  նյութական բաղադրիչի խախտում չի արձանագրել:

Դիմումատուն պահանջել է ընդհանուր 10,510 եվրո որպես ոչ նյութական վնասի և իր ծախսերի ու ծախքերի փոխհատուցում: Եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է դիմումատուին վճարել 3000 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում՝ մերժելով դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը: