Logo
ECHR

Իրադարձություններ

Վերապատրաստում-համաժողով նվիրված կանանց արդարադատության մատչելիության իրավունքի բարելավմանը

09.11.2015

2015 թվականի նոյեմբերի 5-ից 6-ը Վրաստանի Կվարելի քաղաքում տեղի է ունեցել «Բարելավելով կանանց արդարադատության մատչելիության իրավունքն Արևելյան գործընկերության հինգ պետություններում. ներկայի իրավիճակը և հետագա քայլերը» խորագրով վերապատրաստում-համաժողով, որը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի «Բարելավելով կանանց արդարադատության մատչելիության իրավունքն Արևելյան գործընկերության հինգ պետություններում» ծրագրի շրջանակներում:

Վերապատրաստում-համաժողովի մասնակցել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցչության գրասենյակի աշխատակիցներ Նինա Փիրումյանը և Շահանե Հակոբյանը:

Միջոցառման նպատակն էր նպաստել ներպետական մակարդակում խտրական վերաբերմունքի և ընտանեկան բռնության դեմ պայքարի, ինչպես նաև արդարադատության մատչելիության ապահովման գործում Եվրոպայի խորհրդի, մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում ամրագրված չափանիշների ներդրմանը:

Վերապատրաստում-համաժողովի ընթացքում մասնակից պետությունների հինգ ներկայացուցիչները հանդես են եկել զեկույցներով՝ ներկայացնելով իրենց երկրում կանանց արդարադատության մատչելիության իրավունքի իրականացման հիմնական խոչընդոտները, վերջիններս հաղթահարելուն ուղղված քայլերը և այդ համատեքստում լավագույն փորձը:

Դատավորների, դատախազների և ոլորտի մասնագետների վերապատրաստում իրականացնող ինստիտուտների ներկայացուցիչները ընդհանուր քննարկումների և խմբային աշխատանքների միջոցով անդրադարձել են համապատասխան վերապատրաստման դասընթացների համար կանանց արդարադատության մատչելիության իրավունքի անարգել իրականացման հիմնախնդիրների վերաբերյալ անհրաժեշտ նյութերի կազմելու անհրաժեշտությանը:

Վերապատրաստում-համաժողովը յուրահատուկ քննարկման հարթակ էր, որը համախմբել էր ոլորտի տարբեր մասնագետների՝ ներկայացուցիչների ՀՀ արդարադատության ակադեմիայից, ՀՀ փաստաբանական պալատից, ՀՀ դատական դեպարտամենտից, հասարակական կազմակերպություններից, ինչպես նաև միջազգային փորձագետների և ներկայացուցիչների մասնակից Արևելյան գործընկերության այլ պետություններից: