Logo
ECHR

Իրադարձություններ

Հրապարակվել են «Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերով վճիռները

12.12.2017

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, հանդես գալով Մեծ Պալատի կազմով, 2017 թվականի դեկտեմբերի 12-ին կայացրել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» (գանգատ թիվ 40167/06) և «Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 13216/05) գործերով արդարացի փոխհատուցման վերաբերյալ վճիռներ:

Դատարանը միաձայն որոշել է, որ Սարգսյանի գործով Ադրբեջանի կառավարությունը պարտավոր է դիմումատուին վճարել 5,000 եվրո, որպես նյութական և ոչ նյութական վնասի հատուցում և 30,000 եվրո`կրած ծախսերի և ծախքերի դիմաց: Ինչ վերաբերում է Չիրագովը և այլք գործին, ապա Հայաստանի կառավարությունը պարտավոր է յուրաքանչյուր դիմումատուին վճարել 5,000 եվրո, որպես նյութական և ոչ նյութական վնասի հատուցում, ինչպես նաև ընդհանուր 28,642.87 ֆունտ ստեռլինգ՝ կրած ծախսերի և ծախքերի դիմաց:

Հիշեցնում ենք, որ դեռ 2015 թվականի հունիսի 16-ին Եվրոպական դատարանը, կայացնելով տվյալ գործերի վերաբերյալ ըստ էության վճիռներ, արձանգրել է  Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանություն), Կոնվենցիայի 8-րդ  (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) և 13-րդ հոդվածների (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) շարունակական խախտում: Երկու գործերով էլ անդրադարձ չի կատարվել արդարացի փոխհատուցման հարցին, քանի որ տվյալ հարցի շուրջ որոշում հնարավոր չէր կայացնել:

Սարգսյանի գործը վերաբերում է հայ փախստականի բողոքին, ով Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում 1992 թվականին ստիպված էր փախչել Ադրբեջանի Շահումյանի շրջանում գտնվող իր տնից: Այդ պահից սկսած նա զրկված էր իր գյուղ վերադառնալու և իր սեփականությունից օգտվելու իրավունքից:

Չիրագովը և այլք գործում վեց ադրբեջանցի փախստականներ բողոք են ներկայացրել, պնդելով, որ իրենք զրկված են եղել Լաչինի շրջանում գտնվող իրենց բնակավայրեր վերադառնալու և իրենց գույքը վերադարձնելու հնարավորությունից, որտեղից ստիպված էին փախչել 1992 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում:

Տվյալ գործերում Եվրոպական դատարանը ընդգծել է երկու պետությունների պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը գտնելու հարցում: Մինչև քաղաքական լուծում ստանալը, Եվրոպական դատարանը նպատակահարմար է գտել դիմումատուներին նյութական և ոչ նյութական վնասի հատուցում տրամադրել: