Logo
ECHR

Իրադարձություններ

ՄԻԵԴ-ը հրապարակել է «ՉԱՊ ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը

05.05.2017

2017թ. մայիսի 4-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «ՉԱՊ ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի»  գործով վճիռը, որով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում` զուգակցված 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի հետ (արդար դատաքննության և վկաների հարցաքննության իրավունք):

Գործը վերաբերում է ՉԱՊ ՍՊ ընկերության դեմ հարկեր վճարելուց խուսափելու հիմքով հարուցված վարչական վարույթին: Ընկերությունը, մասնավորապես, պնդել է, որ հնարավորություն չի ունեցել հակընդդեմ հարցման ենթարկել վկաներին, որոնց բերած ապացույցները դատաքննության ընթացքում օգտագործվել են իր դեմ:

Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ անհիմն կերպով սամանափակվել է վկաներին հարցաքննելու դիմումատու ընկերության իրավունքը և դատավարական որևէ միջոցառում չի ձեռնարկվել այդ բացը լրացնելու համար, ինչը հանգեցրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտման:

Որպես փոխհատուցում, Եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է դիմումատուին վճարել ընդհանուր առմամբ 3,900 եվրո՝ որից 2,400 եվրո պատճառված ոչ նյութական վնասի և 1,500 եվրո ծախսեր և ծախքերի համար:

 

Ծանոթագրություն. Եվրոպական դատարանի որդեգրած մոտեցման համաձայն, պատասխանատվություն սահմանող վարչական վարույթները քննվում են 6-րդ հոդվածի քրեական բաղադրիչի լույսի ներքո: