Logo
ECHR

Իրադարձություններ

ՄԻԵԴ-ը հրապարակել է «Ավագյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը

22.11.2018

2018 թվականի նոյեմբերի 22-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Ավագյանն ընդդեմ Հայաստանի» (թիվ 1837/10) գանգատի վերաբերյալ վճիռը, որով Եվրոպական դատարանն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում:

2007 թվականին դիմումատուին մեղադրանք է առաջադրվել երկու տարեց քույրերի շահադիտական դրդումներով սպանության և առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար: Նախաքննության ընթացքում իրականացված 3 դատաբժշկական փորձաքննություններից առաջինի համաձայն՝ տարեց կանայք մահացել էին ցրտահարությունից, իսկ հետագա կրկնակի փորձաքննությունները հաստատել են քույրերի մահվան՝ ֆոսֆորօրգանական միացություններով (Բի 58 տեսակի թունաքիմիկատ) թունավորվելու հետևանքով վրա հասնելու փաստը:

Դատաքննության ընթացքում դիմումատուն միջնորդել է առերեսվել առաջին և երրորդ փորձաքննություններն իրականացրած փորձագետների հետ՝ հաշվի առնելով եզրակացություններում առկա հետևությունների տարբերությունը: Երևանի քրեական դատարանը մերժել է նշված միջնորդությունն այն պատճառաբանությամբ, որ դիմումատուի հարցերն իրենց պատասխանն են ստացել վերջին փորձաքննությունների եզրակացություններում: Արդյունքում դիմումատուն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ և 15-րդ կետերով և դատապարտվել ցմահ ազատազրկման:

Դիմումատուն գանգատվել է, որ թեև իր գործով իրականացված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները վճռորոշ նշանակություն են ունեցել իրեն՝ սպանության մեջ մեղադրելու և դատապարտելու համար, սակայն ինքը դատարանում հնարավորություն չի ունեցել հակընդդեմ հարցման ենթարկել փորձագետներին:

Եվրոպական դատարանը գտել է, որ փորձագետներին դատարան հրավիրելու վերաբերյալ դիմումատուի միջնորդությունն անհիմն չի եղել: Եվրոպական դատարանը հատկապես ընդգծել է, որ փորձագետների եզրակացությունները հիմնարար ազդեցություն են ունեցել մեղադրանքի հիմնավորման հարցում՝ հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ դիմումատուին սպառնացել է ցմահ ազատազրկում: Բացի այդ, գործում առկա չի եղել որևէ նշում այն մասին, որ դիմումատուն հնարավորություն է ունեցել վիճարկել փորձագետների եզրակացությունները նախաքննության փուլում:

Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ փորձագետներին դատարան չհրավիրելով՝ Երևանի քրեական դատարանը խախտել է դիմումատուի արդար դատաքննության իրավունքը, մասնավորապես՝ «մրցակցային դատավարության» և «զենքերի հավասարության» վերաբերյալ երաշխիքները:

Դիմումատուն պահանջել էր 15.000 եվրո փոխհատուցում ոչ նյութական վնասի համար և 7.200 եվրո՝ կատարված ծախսերի և ծախքերի համար:

Հաշվի առնելով ՀՀ կառավարության առարկությունները` Եվրոպական դատարանը դիմումատուի պահանջը բավարարել է 900 եվրոյի չափով՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում: