Logo
ECHR

Իրադարձություններ

ՄԻԵԴ-ը հրապարակել է «Ալիխանյանյանը և Մելիքսեթյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը

14.03.2019

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի մարտի 14-ին հրապարակել է «Ալիխանյանը և Մելիքսեթյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 4168/10) վճիռը, որով արձանագրել է Կոնվենցիային կից թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանություն) խախտում:

Սույն գործով դիմումատուները Շնող գյուղի բնակիչներ են: Նրանք այս գյուղում գտնվող վարելահողերի սեփականատերեր են եղել, որոնք հասարակության և պետության կարիքների համար օտարվել են հանքարդյունաբերության նպատակներով:

Եվրոպական դատարան ներկայացված գանգատով դիմումատուները պնդել են, որ պետության կարիքների համար օտարվող սեփականությունը հանդիսացել է իրենց եկամտի միակ աղբյուրը և օտարվող սեփականության դիմաց սահմանված փոխհատուցման գումարը շատ ցածր է եղել: 

Ներպետական դատարանները դիմումատուների այս պնդումն անտեսել են և, որպես փոխհատուցման ենթակա գումար, հաստատել են միայն գույքի շուկայական արժեքի հիման վրա հաշվարկված գինը: Հաշվի չի առնվել նաև նրանց` ապրուստի միջոցներից զրկելու հետևանքով պատճառված իրական վնասը, ինչպես նաև այն հանգամանքը, թե արդյոք նրանք ի վիճակի էին այդ տարածքում նոր հողատարածք գնել:  

Նշվածի լույսի ներքո Եվրոպական դատարանը գտել է, որ դիմումատուներին սեփականության իրավունքով պատկանող գույքի օտարումն իրականացվել է Կոնվենցիայի երաշխիքների խախտմամբ:

Եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է «Ալիխանյանը և Մելիքսեթյանն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուներին վճարել 10 800 եվրո՝ որպես նյութական և ոչ նյութական վնասի հատուցում: