Logo
ECHR

Իրադարձություններ

ՄԻԵԴ-ը հրապարակել է «Ագանիկյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը

05.04.2018

2018 թվականի ապրիլի 5-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան), հանդես գալով Կոմիտեի` երեք դատավորներից բաղկացած կազմով, հրապարակել է «Ագանիկյանն ընդդեմ Հայաստանի» գործով (գանգատ թիվ 21791/12) վճիռը, որով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի (արդար դատաքննության իրավունք) խախտում:

Սույն գործով դիմումատուն գանգատվել է այն մասին, որի իր նկատմամբ իրականացված քրեական վարույթի տևողությունը չի համապատասխանել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված «ողջամիտ ժամկետ» պահանջին:

Եվրոպական դատարանը նշել է, որ սույն գործով նախաքննության փուլը, ինչպես նաև բողոքարկման փուլը բավականին արագ են ավարտվել, սակայն առաջին ատյանի դատարանում դատաքննությունը տևել է մոտ չորս ու կես տարի: Չնայած այն հանգամանքին, որ դատարանը չէր ցուցաբերել տևական անգործություն և գործի քննությունը, պայմանավորված դրա բնույթով և ներգրավված տուժողների ու վկաների քանակով, որոշակի բարդություն էր ներկայացնում, այնուամենայնիվ Եվրոպական դատարանը նկատել է, որ դատական նիստերը հետաձգվել են 136 անգամ, դատական քննության մեկնարկից մեկ տարի և երեք ամիս անց գործի քննությունը վերսկսվել է, մեղադրանքները պարբերաբար փոփոխվել կամ նոր մեղադրանքեր են առաջադրվել: Այս կապակցությամբ Եվրոպական դատարանը վկայակոչել է իր նախադեպային իրավունքն առ այն, որ պայմանավորվող պետությունները պետք է իրենց դատական համակարգերը կազմակերպեն այնպես, որ դատարանները գործեր քննելիս կարողանան բավարարել 6-րդ հոդվածով նախատեսված «ողջամիտ ժամկետի» պահանջը (տես, օրինակ, Լուֆենի հունական կաթոլիկ ծուխը և այլոք ընդդեմ Ռումինիայի [ՄՊ], թիվ 76943/11, § 142, ՄԻԵԴ 2016 (քաղվածքներ)):

Եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է դիմումատուին վճարել ընդհանուր առմամբ 865 եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում` մերժելով վերջինիս արդար փոխհատուցման պահանջի մնացած մասը: